ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան պաշտոնապես ձևակերպել են «Ակույու» ԱԷԿ-ի №1 էներգաբլոկ միջուկային վառելիքի մատակարարումը, «Ռոսատոմը» Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը փոխանցել է դրա հավաստագիրը։
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ԱԷԿ–ի հարթակից դիմել է ՌԴ առաջնորդին` խնդրելով թույլ տալ հավաստագիրը փոխանցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզին։
«Անկասկած, թույլատրում եմ», – ասել է Պուտինը։ Դրանից հետո Լիխաչովը փաստաթուղթը փոխանցել է Դոնմեզին։
ՌԴ նախագահը «Ակույու» ԱԷԿ–ը Ռուսաստանի և Թուրքիայի կարևոր նախագիծ է անվանել, որը թույլ է տալիս երկրների զարգացնել տնտեսական և դրացիական կապերը։
Թուրքական «Ակույու» ԱԷԿ-ի համար առաջին էներգաբլոկ ռուսական արտադրության միջուկային վառելիքի մատակարարման արարողության ժամանակ տեսակապի ռեժիմում նա շնորհավորել է բոլոր մասնակիցներին «ռուս–թուրքական հարաբերությունների ողջ պատմության ընթացքում ամենամեծ համատեղ նախագծերից մեկի իրագործման նոր, նշանակալի փուլի» առիթով։
ՌԴ նախագահի խոսքով` Թուրքիան որպես միջուկային օբյեկտ «Ակույու» ԱԷԿ–ի գրանցումով արդյունաբերական և տեխնոլոգիական առումով զարգացած երկրների ակումբ է մտնում։
«Բավական խորհրդանշական է, որ Թուրքիան մտնում է արդյունաբերական և տեխնոլոգիապես զարգացած պետությունների ակումբ, որոնք արդեն իսկ սեփական միջուկային ոլորտն ունեն, ընդ որում հենց 2023 թվականին, հարգելի պարոն նախագահ, երբ Թուրքիան նշում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը», – ասել է Պուտինը։
Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքով` «Ակույու» ԱԷԿ–ի բոլոր բլոկները շահագործման կհանձնվեն մինչև 2028 թվականը։
«Այս էլեկտրակայանը կապահովի մեր երկրի էլեկտրաէներգիայի սպառման 10 տոկոսը։ Ամբողջ հզորության շահագործումից հետո տարեկան շուրջ 35 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա կարտադրվի», – հայտարարել է Էրդողանն իր ելույթի ժամանակ։
Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակապի միջոցով մասնակցում են «Ակույու» ԱԷԿ միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը։