Պատասխանատվության բեռը չի կարելի դնել միայն ՌԴ–ի վրա. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ադրբեջանական անցակետ Լաչինի միջանցքում
Ընդգծվում է , որ «ամեն գնով խաղաղության հասնելու» ՀՀ իշխանությունների քաղաքականությունն իրականում բերում է մարդկային ու տարածքային նոր կորուստներ, մեծացնում պատերազմի հավանականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախի ճակատագրի առաջնային պատասխանատուն Հայաստանն է: Ստեղծված իրավիճակում չի կարելի քաշվել մի կողմ և ողջ պատասխանատվության բեռը թողնել Ռուսաստանի վրա։ ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել և իր խորը մտահոգությունը հայտնել օրերս Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի փաստի կապակցությամբ։
«Պաշտոնական Բաքվի այս քայլը 2022 թվականի դեկտեմբերի 12–ից իրականացվող Արցախի շրջափակման համատեքստում է և բերում է իրավիճակի լարվածության աճին։ Կարևորելով ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում՝ ակնկալում ենք, որ նոյեմբերի 9–ի հայտարարության շրջանակներում նրանք ի վերջո կապաշրջափակեն Արցախն ու նորմալ կենսագործության պայմաններ կապահովեն մեր 120 հազար հայրենակիցների համար»,–նշված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունն արձանագրել է, որ իրենց համար անընդունելի են ՀՀ իշխանությունների տեսակետները Ղարաբաղյան հակամարտության ու հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
«Արցախի անվտանգությունը և արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել Ադրբեջանի ենթակայության ներքո։ ՀՀ իշխանությունները նախընտրական ծրագրով ներկայացրել են Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնելու քաղաքականություն, սակայն ներկայումս անում են ճիշտ հակառակը, ինչն էլ Ադրբեջանին հնարավորություն է տալիս գնալ ապօրինությունների և միաժամանակ հնարավորություն չի տալիս ռուսական կողմին կատարել արբիտրի ֆունկցիա»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է , որ «ամեն գնով խաղաղության հասնելու» ՀՀ իշխանությունների քաղաքականությունն իրականում բերում է մարդկային ու տարածքային նոր կորուստներ, մեծացնում պատերազմի հավանականությունը։
ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունը խնդրի ելքը տեսնում է միասնականության մեջ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։