Փաստեր, նկարներ ենք ցույց տվել. հրդեհից զոհվածների ծնողները կրկին կհանդիպեն Փաշինյանի հետ

Ազատ գյուղի զինվորական կացարանում 3 ամիս առաջ զոհված զինծառայողների հարազատները. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանի հետ ավելի քան 2 ժամ տևած հանդիպումից հետո հրդեհի հետևանքով զոհված զինվորների ծնողները շատ մանրամասներ չհայտնեցին, թե ինչ են քննարկել` ասելով, որ հանդիպման ֆորմատը փակ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 3 ամիս առաջ զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ տրամադրել են փաստեր և նկարներ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց զոհված զինվորներից Գագիկ Բարսեղյանի հայրը` Արմեն Բարսեղյանը։
«Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել ենք այն հարցերը, որոնց հետ կապված գուցե ինքը ճիշտ տեղեկացված չէր։ Մենք ունենք փաստեր, նկարներ` ցույց ենք տվել նրան, որ հասկանանք, թե ինչքանով է տեղյակ դեպքի մասին։ Մեզ պատասխանեցին, որ կուսումնասիրեն, կպատասխանեն»,–ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով` Փաշինյանի հետ կրկին հանդիպում է կազմակերպվելու։ Նա հավելեց, որ բանավոր քննարկում է եղել, իսկ ծնողներին հուզող հարցերը Փաշինյանին գրավոր են տրամադրել։
Հարցին, թե գո՞հ էին Փաշինյանի հետ հանդիպումից` մեկ այլ ծնող էլ պատասխանեց՝ որոշ չափով այո։
Մեկ այլ հարցի, թե Փաշինյանին ծնողները հարցրել են` ինչո՞ւ է հրդեհի առաջին իսկ օրը վարկած ներկայացրել, որին դեմ են արտահայտվել ծնողները, վերջիններս պատասխանեցին, որ այդ հարցը չեն ուղղել Փաշինյանին։
Ի դեպ, ծնողների փաստաբանը ներկա չի եղել հանդիպմանը։
Նշենք, որ այլ մանրամասներ ծնողները չհայտնեցին` ասելով, որ հանդիպումը փակ ռեժիմով է անցել։
Փաշինյանի հետ ծնողների հանդիպումը տևել է 2 ժամից ավել։
Սպասելու ենք Ձեր պատասխանին. կացարանի հրդեհից զոհված զինվորների ծնողները բացեցին ճանապարհը
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։