ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է «Էյր Արաբիա» ընկերության հետ փոխշահավետ գործակցության հետագա խորացմամբ։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և «Էյր Արաբիա» ընկերության միջև՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծավալված գործընկերությունը, որի շրջանակում ստեղծվել և արդյունավետ գործում է «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը:
«Էյր Արաբիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության կապակցությամբ, նշել է, որ այն զարգանալու մեծ ներուժ ունի: Նրա խոսքով` «Էյր Արաբիան» պատրաստ է շարունակել և ընդլայնել համատեղ ծրագրերը:
Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Ֆլայ Արնա» ավիաընկերության զարգացման հեռանկարները:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիին
Քաղաքացիական ավիացիայի հզորացման և զբոսաշրջային հոսքերի ավելացման համատեքստում անդրադարձ է եղել ուղևորափոխադրումների ծավալի ավելացմանը, սպասարկման որակի շարունակական բարելավմանը, չվերթերի աշխարհագրության ընդլայնմանը վերաբերող և այլ հարցերի: