ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանում կմասնակցի ՇՀԿ արտգործնախարարների նիստին, որում կքննարկվեն հուլիսին կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արտաքին քաղաքական կառույցների ղեկավարներն այս ձևաչափով պատրաստվումեն առաջնահերթ ուշադրություն դարձնել ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի բովանդակությանը: Այն նախատեսված է հուլիսի 3-4-ը Նյու Դելիում», - ասել է դիվանագետը։
Նա ավելացրել է, որ Լավրովը նիստի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: