Կարևոր է` Երևանը ներդրում ունենա հանգուցալուծման որոնման գործում. Զախարովան` Լաչինի մասին

Մարիա Զախարովա
Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ջանքեր է գործադրում ինչպես ռուսական խաղաղապահ զորակազմը, այնպես էլ քաղաքական կապերով և մակարդակով են փորձում խնդրին լուծում տալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն եռակողմ պայմանավորվածությունների հուն վերադարձնելու ուղղությամբ։ Ճեպազրույցի ժամանակ նամն հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ջանքեր են գործադրվում ինչպես ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, այնպես էլ՝ քաղաքական կապերով և մակարդակով։
«Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծումների որոնման գործում»,–ասել Է Զախարովան։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։