Հարությունյանը Լենցովի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղապահների դերն Արցախում

Հարությունյանն ու Լենցովը կարևորել են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջից։
«Նրան եմ փոխանցել Արցախի իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան»,–ասված է Հարությունյանի գրառման մեջ։
Նշվում է, որ երկուստեք կարևորել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր:
Նշենք, որ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել ապրիլի 25-ին` փոխարինելով գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։
Լենցովը մինչ այդ զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։
Գեներալը հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական:
Մասնակցել Է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։
2014 p.-ին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։