ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Թոշակառուներն այսուհետ կկարողանան առցանց ընտրել իրենց բանկը։ Կառավարությունն այսօր ընդունեց կենսաթոշակ վճարելու կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նախկինում կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար բանկն ընտրվում էր ավտոմատ կերպով` սոցիալական ապահովության ծառայության ծրագրային մոդուլի միջոցով: Իսկ բանկի ընտրության համար անհրաժեշտ էր դիմում ներկայացնել՝ սոցապ ծառայության տարածքային բաժնում: Ընդունված որոշման համաձայն՝ կենսաթոշակառուները կարող են արդեն դիմել առցանց։
Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարումն անկանխիկ եղանակով, այսինքն՝ բանկի միջոցով, Հայաստանում պարտադիր է մինչև 75 տարեկան բոլոր այն կենսաթոշակառուների համար, որոնք 1–ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ չեն:
Ընդ որում՝ այս ընթացակարգը 2021 թ․ հուլիսի 1-ից կիրառվում է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, այլ քաղաքներում՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից: