ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. 2023թ–ի մարտին փետրվարի նկատմամբ ՀՀ–ում միջին աշխտավարձը բարձրացել է 35 000 դրամով կամ 13.5 տոկոսով, իսկ 2022թ–ի մարտի համեմատ` 58 000 դրամով կամ 23.9 տոկոսով։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա կարևոր է գնաճի հետ համեմատության տրամաբանության մեջ։ Օրինակ` մարտը մարտի նկատմամբ մեր 12-ամսյա գնաճը կազմել է 5.4 տոկոս։ Հունվար– մարտ գնաճը կազմել է 7.2 տոկոս, իսկ միայն փետրվարին մենք աշխատավարձի աճ ենք ունեցել 13.5 տոկոսով, ինչը շատ կարևոր է։ Ուզում եմ ընդգծել, որ սա առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց շնորհիվ է»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտնեց, որ 2022թ–ին գրանցված տնտեսական ակտիվությունը շարունակվում է 2023–ին։ Այս տարվա հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14, հունվար–մարտ ամիսներին` 12.2 տոկոս։
Բացի այդ, 2023-ի առաջին եռմսյակում նկատվել է արդյունաբերության աճի որոշակի արագացում։ Մարտին արդյունաբերության աճը կազմել է 8.6 տոկոս, իսկ հունվար–մարտի արդյունքներով` 3.6 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտում ևս մարտի տվյալնրով որոշ ակի աճ է գրանցվել` 1.4 տոկոսի չափով։