ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը այսօր առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավար Փոլադ Բյուլբյուլօղլու հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել է իրավիճակը Լաչինի միջանցքում և առհասարակ Լեռնային Ղարաբաղում։
Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թթ. պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ պահպանման կարևորությունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։