Էրդողանն ուղիղ եթեր է դուրս եկել հիվանդության մասին լուրերից հետո

Ապրիլի 25-ի երեկոյան Էրդողանի հարցազրույցը հանկարծակի ընդհատվել էր, քանի որ թուրք առաջնորդի ինքնազգացողությունը վատացել էր ուղիղ եթերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակապի միջոցով է մասնակցել «Ակկույու» ատոմակայան միջուկային վառելիքի ներմուծման արարողությանը: Կրեմլը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում միմյանց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 25-ի երեկոյան Էրդողանի հարցազրույցը հանկարծակի ընդհատվել էր, քանի որ թուրք առաջնորդի ինքնազգացողությունը վատացել էր ուղիղ եթերում: Երկար դադարից հետո նա վերադարձել էր եթեր և հայտարարել, որ նախընտրական խիտ գրաֆիկի պայմաններում ստամոքսային գրիպով է վարակվել։ Հետո հայտնի դարձավ, որ Էրդողանն առցանց ռեժիմով կմասնակցի ապրիլի 27-ին նախատեսված միջոցառումներին։
Ավելի ուշ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի գծով փոխտնօրեն Ֆահրեթին Ալթունը հերքեց Էրդողանի առողջական խնդիրների մասին հաղորդագրությունները։ Թուրքիայի առողջապահության նախարարն էլ այսօր հայտարարեց, որ տեսակցել է Էրդողանին։
«Առավոտյան նրա մոտ էի։ Նա լավ է: Վարակի հետևանքները նվազել են», - թուրքական ԶԼՄ-ները մեջբերել են Ֆահրեթին Կոջիի խոսքերը։
Նշենք, որ որոշ ԶԼՄ–ներ գրել էին, թե Էրդողանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն պաշտոնական աղբյուրները չէին հաստատել այդ լուրը։