ԲՀԿ–ում քննարկում են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը

Գագիկ Ծառուկյան. Արխիվային լուսանկար
Կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով` որևէ թեկնածուի, առավել ևս` իշխանության առաջադրած, աջակցելու քաղաքական որոշում չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ներքին քննարկումներ և խորհրդակցություններ են ընթանում Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցի վերաբերյալ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Նա անդրադարձել է մամուլի հրապարակումներից մեկին, որում նշվում էր, թե «Ծառուկյանի ռեսուրսն ընտրությունների ժամանակ Ավինյանի համար է աշխատելու»։
Նրա խոսքով` հոդվածում ներկայացված դիտարկումներն այնքան խառն էին ու հարուստ ենթատեքստերով, որ արձագանքելու նպատակահարմարությունը հարցականի տակ էր։ Սակայն, հաշվի առնելով ԶԼՄ–ների հարցադրումները, որոշում են կայացրել արձագանքել։
«ԲՀԿ-ն չունի քաղաքական որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին»,– գրել է Տոնոյանը։
Հավելենք, որ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց։
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։