ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման, ներկայիս վիճակի, հնարավոր դրսևորումների, ինչպես նաև դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցների մասին քննարկում է կայացել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ:
Դրան մասնակցել են ՀՀ ներքին գործերի, պաշտպանության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, արդարադատության նախարարությունների, քննչական կոմիտեի, գլխավոր դատախազության, պետական եկամուտների կոմիտեի, ՀԿ–ների ներկայացուցիչներ։ Տեղեկությունը նշված է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
«Գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց մասով ներկայացրել են խնդրի վերաբերյալ առկա իրավիճակը, քննարկվել են դրա դեմ պայքարի հիմնական դրույթները»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անհատն է իր գիտակցումով, գիտելիքներով և կրթվածությամբ փոխելու հասարակությունը, ուստի բոլորը պետք է լծվեն այս գործին:
Նշենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիան անդրադարձել էր վերջին շրջանում Հայաստանում նկատվող թմրամիջոցների օգտագործման աճին, մասնավորապես` դեռահասների ու երիտասարդների շրջանում տարածված «Կրիստալ» թմրամիջոցին և դրա դեմ պայքարին։