Թուրքիան ՀՀ-ի առջև Ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու պահանջ չի դրել. Ռուբինյան

Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչ ասել է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում Թուրքիայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Թուրքիան Հայաստանի առջև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու պահանջ չի դրել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում Երևանն Անկարայից չի պահանջել ճանաչել Ցեղասպանությունը և փոխհատուցում վճարել:
Հարցին, թե երբ ՀՀ–ն հայտարարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին` արդյոք Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը նույնպես մտնում է դրա մեջ` Ռուբինյանը պատասխանել է.
«Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը նշանակում է այն, ինչ նշանակում է` հարաբերությունների հաստատում առանց որևէ նախապայմանի` որևէ կողմից, որևէ հարցում»։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։