Տավուշի մարզի զինկոմին ծեծելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի. կա կալանավորված

Դատարանի որոշմամբ՝ կասկածյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավար Լեռնիկ Օհանյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ, երկու անձի մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Մասնավորապես, քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (խուլիգանությունը) կետի հատկանիշներով։
Լեռնիկ Օհանյանը ճանաչվել է տուժող։
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ տեղի ուենցածը պայմանավորված չէ Օհանյանի ծառայողական գործունեությամբ։
«Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գործող գազալցակայանում հերթի պահպանման հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում Օհանյանը երկու անձի կողմից ենթարկվել է բռնության։ Տվյալ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով»,– նշեց Աբրահամյանը։
Դատարանի որոշմամբ՝ կասկածյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է, վարութային և ապացուցողական գործողություններ են կատարվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։