ՌԴ ԱԳ փոխնախարարն Արարատ Միրզոյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրավիճակի սրումը

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Երևանում երեկ խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալների հետ, ինչպես նաև առանձնազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի սրումը:
Կարևորվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով ջանքերի ակտիվացումը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների։
Ուշադրության կենտրոնում է եղել նաև երկկողմ հարաբերություններում ծագած խնդիրների և տարածաշրջանային անվտանգության ապահովման շուրջ կարծիքների փոխանակումը:
Կողմերը նշել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության դրական դինամիկան։ Արձանագրվել է առևտրատնտեսական հարաբերություններում անցած տարի գրանցված ռեկորդային դինամիկան։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։