ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Gerkan, Marg and Partners ճարտապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցի հետ քննարկել է Ակադեմիական քաղաքի կառուցման գործում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ Փաշինյանն այսօր ընդունել է Շուտցին։
Շուտցը նշել է, որ իր գործընկերների և ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչների հետ արդեն եղել է Ակադեմիական քաղաքի տարածքներում, կատարել ուսումնասիրություններ:
Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ կառավարության և անձամբ իր համար ունի շատ կարևոր ու ռազմավարական նշանակություն, ուստի գործադիրը հետևողականորեն շարժվում է նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու ճանապարհով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, երեք կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին և այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները ԿԳՄՍ-ի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։