Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:
Նշենք, որ վերջին անգամ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հեռախոսով զրուցել են ապրիլի 7-ին։ Այդ օրը նույնպես նրանք քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։