Նիկոլ Փաշինյանը խոսել է Շառլ Միշելի հետ. հայտնի է` ինչ են քննարկել

Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են իրադրությունը տարածաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։
Նա շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը։
Նշվում է, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։
Արցախում խափանվել է վառելիքի ներկրումը, կասեցվել են ԿԽՄԿ–ի բեռնափոխադրումները. պետնախարար