Լաչինի միջանցքում միակողմանի անցակետի ստեղծումը հակասում է Եվրամիության կոչերին. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի ստեղծումը հակասում է լարվածության թուլացման և խնդիրները երկխոսության միջոցով լուծելու` Եվրամիության կոչերին։ Այս բովանդակությամբ գրառում է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter–ի իր էջում։
«ԵՄ - ն շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանը։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն»,–գրել է Բորելը
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։