Կրեմլը ներկայացրել է Պուտինի և Փաշինյանի զրույցի մանրամասները

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ շեշտադրելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծումը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:
«Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ պահպանման կարևորությունը»,– ասված է Կրեմլի հրապարակած հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի նախագահն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 23-ից փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։