ԿԽՄԿ միջնորդությամբ ևս 16 անձ է Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր բուժհաստատություններ

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 16 անձ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ նրանք ունեցել են ուռուցքային, սրտանոթային համակարգի ծանր հիվանդություններ և շտապ վիրահատական միջամտություն պահանջող ախտորոշումներ։
«11 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ 2022–ի դեկտեմբերի 12–ից մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 353 հիվանդ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։