Խաչատուրյանն Ավստրիայի դեսպանին ներկայացրել է իրավիճակը ՀՀ սահմանին և Լաչինի միջանցքում

Դեսպան Մյուլմանը հայտնել է, որ Ավստրիական զարգացման գործակալությունը նախատեսում է ընթացիկ տարում գրասենյակ հիմնել Կապանում՝ Գյումրիի և Վանաձորի օրինակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին մանրամասներ է հայտնել տարածաշրջանային իրողությունների, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումների վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հումանիտար միջանցքի բնականոն գործունեության խոչընդոտումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խաթարումները հումանիտար աղետի սպառնալիք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի 120.000 հազար բնակչության համար: Այս կապակցությամբ նա նշել է, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ քայլերը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացի վրա»,–նշվում է հաղորդագրությունում:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին` նախագահը կարևորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը լարվածության թուլացման և սահմանային անվտանգայնության բարձրացման տեսանկյունից:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը
Հանդիպմանը նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մյուլմանը (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին։
«Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել այստեղ, և կանեմ լավագույնը մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը համար»,- ասել է դեսպան Մյուլմանը` հավելելով, որ իր ջանքերը կներդնի Հայաստանի և Ավստրիայի միջև բազմաշերտ փոխգործակցության ակտիվացման գործընթացում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Հայաստանի և Ավստրիայի միջև փոխգործակցության խթանման հնարավորություններին:
Քննարկվել է պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության հնարավորությունները
Այս համատեքստում դեսպան Մյուլմանը հայտնել է, որ Ավստրիական զարգացման գործակալությունը նախատեսում է ընթացիկ տարում գրասենյակ հիմնել Կապանում՝ Գյումրիի և Վանաձորի օրինակով: