Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն անվանել է համընդհանուր համերաշխության թարգման

Նարեկացու արձանը Վատիկանում
Ֆրանցիսկոս Պապը խոսել է նաև «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում այսօր կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Գրիգոր Նարեկացուն անվանել է համընդհանուր համերաշխության թարգման, տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։
Ֆրանցիսկոս Պապը խոսել է նաև «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին։
«Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո փայլուն օրինակ է»,–ասել է Հռոմի պապը։
Նա նաև հիշեցրել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրել է Նարեկի վանքում, ուր սովորել է ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորել թե հայ գրականության, և թե հայ հոգևոր ժառանգությունը։
Հիշեցնենք, որ 2015թ․ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի քահանայապետը Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ։ Իսկ 2021թ․ փետրվարի 2-ին Ֆրանցիսկոս Պապի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվեց որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։