ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Կաշառքի գործով հետախուզման մեջ գտնվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանի կինը՝ Ալլա Հարությունյանը, երեկ ներկայացել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ Ուզունյանին և կնոջը՝ Ալլա Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Նախկին դատավորին ու կնոջը հրավիրել էին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
«Այս փուլում գլխավոր դատախազությունը չի հրապարակում, թե որ գույքը կամ ինչ չափի գումար է դիտարկվում որպես ապօրինի ձեռք բերված և բռնագանձման ենթակա գույք»,–գրում է օրաթերթը:
Նշենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը քննել է 1999թվականի «Հոկտեմբերի 27-ի» գործը:
Ուզունյանը 2019 թվականից հետախուզման մեջ է: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու փորձին օժանդակելու և դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու դրվագներով:
Մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն Ուզունյանը լքել է պետական սահմանը, և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացվել: