ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ վարչական դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցը` առոչինչ ճանաչելով հյուրանոցի վարձակալած հողամասը վաճառքի միջոցով օտարելու մասին` Երևանի քաղաքապետի 2006-ի ապրիլի 26-ի որոշումը:
Դատարանն անվավեր է ճանաչել նաև անշարժ գույքի վերաբերյալ գրավի (հիփոթեքի) պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիմքով կատարված իրավունքի պետական գրանցումը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ և 2008 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել էին 17 077,6 քմ և 10 000 քմ մակերեսով հողամասեր։
Սակայն հարցն այն է, որ նշված հողամասերը՝ որպես «Հաղթանակ զբոսայգու» մաս, ընդգրկված էին ՀՀ հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման:
Գլխավոր դատախազության կողմից 2022-ի ապրիլի 25-ին 2 հայց էր ներկայացվել դատարան` առոչինչ ճանաչել քաղաքապետարանի որոշումը և անվավեր ճանաչել իրավունքի պետական գրանցումը:
Պարզվել էր, որ Երևանի քաղաքապետը, անտեսելով, որ հողամասը Երևանի գլխավոր հատակագծի զբոսայգու տարածք է հանդիսանալու, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել էր «Գոլդեն Փելիս» հյուրանոցին: