Երկրի ուղեծրում արբանյակների թիվը կհասնի 70 հազարի. «Ռոսկոսմոսի» ղեկավար

Երկիր մոլորակ
«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենի խոսքով` այն օբյեկտները, որոնք արդեն դադարել են գոյություն ունենալ, բնական ճանապարհով իջնում են և ինչ-որ պահի կայրվեն մթնոլորտում՝ աղտոտելով տիեզերական տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երկրի ուղեծրում արբանյակների թիվը 2025 թվականին կհասնի 70 հազարի։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովն այս հայտարարությունն արել է «Զնանիե» ընկերության կրթական մարաթոնի շրջանակում:
«Այսօր ավելի քան 7,5 հազար գործող արբանյակ կա։ Մինչև 2025 թվականը նախատեսվում է մոտ 70 հազար, այսինքն՝ բավականին աճելու է։ Օբյեկտները, որոնք արդեն դադարել են գոյություն ունենալ, որոնք բնական ճանապարհով իջնում են և ինչ-որ պահի այրվելու են մթնոլորտում (իսկ այդ ժամկետը, կախված ուղեծրի բարձրությունից, կարող է մի քանի տարուց մինչև մի քանի տասնյակ տարի տևել), իհարկե աղտոտում են տիեզերական տարածքը, և դա խնդիր է դառնում»,-ասել է Բորիսովը։
Նա հիշեցրել է ռուսական «Ծիր Կաթին» ծրագրի մասին, որի նպատակն է հետևել ուղեծրում գտնվող տիեզերական աղբին և կանխատեսել դրա հետ հնարավոր բախումները:
Ավելի վաղ Ռուսաստանի կառավարվող համալիրների և համակարգերի գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Սոլովյովը հայտարարել էր, որ «Ռոսկոսմոսը» ՄՏԿ-ում երկնաքարերի հարվածներ ավելի հաճախ է գրանցում, քան քառասուն տարի առաջ խորհրդային «Սալյուտ-7» կայանում: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ մարդկությունը խիստ աղտոտել է ուղեծրային տարածությունը:
ՌԴ–ն առաջին անգամ անընդմեջ 100 տիեզերական անվթար արձակում է իրականացրել. մեկնարկի կադրերը