ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ–ի միջազգային դատարան։ Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հայցը ներկայացվել է Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ տեղադրելու հարցով։
Ավելի վաղ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել էր, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին` Լաչինի միջանցքում, Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան։
Կիրակոսյանը Բաքվի գործողությունները գնահատել էր որպես ՄԱԿ–ի դատարանի նախորդ որոշման աղաղակող խախտում, որն արդեն 2 ամիս է` չի կատարվում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։