Տարիներ առաջ Ամերիկա տեղափոխված լրագրողի խոստովանություն․ «Ամբողջ կյանքում ինձ երկու կարևոր հարց է հետաքրքրել` արդյոք կյանք կա Մարսի վրա, և արդյոք կա մտավորականություն Կանադայում»։ Պարզվեց, որ Մարսի վրա քիչ թե շատ պատշաճ կյանք չկա, իսկ լրագրողի կյանքի փորձն ու ստացած գիտելիքները հուշեցին, որ Կանադայում մտավորականություն նույնպես չկա։
Արժե՞, որ հայերը նույնպես իրենք իրենց այս հարցը տան։ «Խելամիտ, կրթված, մտավոր առումով զարգացած» (Վլադիմիր Դալի բնորոշմամբ) հայերը միշտ էլ կազմել են Հայաստանի բնակչության զգալի մասը, իսկ եթե նրանց գումարենք նաև Ռուսաստանում և այլ երկրներում ապրող խելացի կանանց ու տղամարդկանց, ապա ավելի լավ չէր էլ կարող լինել: Բայց․․․
Բայց մտավորական են ոչ թե պարզապես ակնոցով ու գլխարկով մարդիկ, այլև իրենց ժողովրդի ճակատագրի համար ցավ ապրող քաղաքացիները, բարձր բարոյականության տեր անձինք, և այստեղ վերջին ժամանակներս հայ ազգի սերուցքին պարբերաբար հաշիվ են դեմ տալիս։
Հաշիվը հիմնականում քաղաքական է․ մեր թշնամի-հարևանները պատրաստվում է թռիչքի, հայրենիքը վտանգված է, իսկ դո՞ւք, առաջընթացի շարժիչներ, որտե՞ղ եք, ո՞ւր եք նայում, ինչո՞վ եք զբաղված։
․․․Բայց կար ժամանակ, երբ նայում էին հենց նրան՝ մտավորականությանը, ինչի համար բավական էր դուրս գալ Երևանի գլխավոր փողոց (այն ժամանակ՝ Ստալինի, այժմ՝ Մաշտոցի պողոտա), որտեղ քայլում էին Ավետիք Իսահակյանը, Երվանդ Քոչարը, Գեղամ Սարյանը, Հովհաննես Շիրազը, մյուս՝ միմյանց լավ ճանաչող և բոլորի հայտնի հայերը՝ առանց չակերտների հզոր խմբից։ Սովորաբար նրանք զուգահեռ էին քայլում, իսկ եթե դեմ հանդիման էին գալիս, ապա քաղաքավարությամբ բարձրացնում էին գլխարկն ու նրբագեղորեն գլուխ տալիս միմյանց։
Հաճախ նաև խոսակցության էին բռնվում, բայց այդ դեպքում մի կողմ էին քաշվում, քանի որ հետևից գալիս էր երևանյան մեծ զբոսանքի մասնակիցների հաջորդ ալիքը։
Այսօր, անցնելով Մաշտոցի պողոտայի վերևի հատվածով, կարելի է տեսնել գրեթե ամբողջությամբ մեր մտավորականների անուններով հուշատախտակներով ծածկված շենքերը։
Ինչո՞վ էր գրավում ու գայթակղում այն ժամանակվա մտավորականությունը։ Իմաստները հասկանալով, խորը գիտելիքներով, անվիճելի հեղինակությամբ, ժողովրդի հետ նույն կյանքով ապրելու ունակությամբ (որտեղից էլ ծնվել է «աշխատանքային մտավորականությունը»)։
Պոետները բանաստեղծություններ էին գրում, գրողները՝ արձակ, նկարիչները կտավներ էին նկարում, դերասանները դեր էին խաղում, երաժիշտները նվագում էին։ Նրանք, ում մոտ ամենալավն էր ստացվում, մտքերի տիրակալներ էին դառնում։ Մինաս Ավետիսյանը՝ նկարչության մեջ, Սոս Սարգսյանը՝ թատրոնում, Հենրիխ Մալյանը, Սերգեյ Իսրայելյանը, Ներսես Հովհաննիսյանը՝ կինոյում, Սերո Խանզադյանը՝ գրականության մեջ, Սերգեյ Մերգելյանը, Վիկտոր Համբարձումյանը՝ գիտության։
Քչերն էին մտնում քաղաքականություն, շատերին քաշում-տանում էին՝ նախարարական կրծքանշաններ տալով կամ Կենտկոմի անդամ գրանցելով։ Բայց դե, օրինակ, Պարույր Սևակի` ԽՍՀՄ գերագույն խորհրդի դեպուտատ լինելը, իսկ Սերո Խանզադյանի՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս դառնալը չէր խանգարում նրանց գրելուն։
Քաղաքակությամբ տարվելը (երբեմն՝ ինքնամոռաց) սկսվեց «պերեստրոյկայի» առաջի տարիներից՝ այսպես կոչված «բաց նամակներից» (հազարներով էին ուղարկվում), իսկ դրանց տակ դրված ստորագրությունները դարձան «ընտրյալների կոհորտային» պատկանելու կամ առնվազն դրան մոտ լինելու նշան։ Բոլորն էին ձգտում իրենց անունները դնել հռչակավոր ստորագրողների անունների կողքին։
Այդ ընթացքում մտավորականությունը գնաց «Ազատության» հրապարակ, որտեղ մտավորականության ճանաչված կուռքերի կողքին հաճախ բեմում հայտնվում էին ինչ-ինչ աննշան քաղաքացիներ՝ լավ մշակված ձայներով։
Ասում են՝ կա քաղաքացիական հասարակություն, կան ինետելկտուալներ, իսկ եթե չկան, կա փոխարինողը՝ մտավորականությունը։ Այն ժամանակ Հայաստանում քաղհասարակություն չկար (այսօր կա, թե ոչ՝ դժվար է ասել)։
Օրինակ` չեխ դրամատուրգ Վացլավ Գավելը դարձավ Չեխոսլովակիայի նախագահ և Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Բայց շուտով արտերկրում նրա համբավը գերազանցեց հայրենիքում ունեցած համբավին, և նա ավելի ու ավելի հաճախ էր քննադատության առարկա դառնում։ Օրինակ՝ Թավշյա հեղափոխությունից և երկու համաներումից չորս տարի անց երկրում հանցավորության մակարդակը ավելի քանի երեք անգամ բարձրացավ։ Չկային նաև տնտեսության մեջ սպասվող առաջընթացները, իսկ Գավելն ինքը իր գլխավոր ձեռքբերումը համարում էր Վարշավայի պայմանագրի ցրման գործում իր ներդրումը։ Քիչ է․․․
Իսկ Վարշավայում, որին հաճախ էին նայում հայ մտավորականները, վստահորեն իշխանության էր գալիս և ի վերջո եկավ իր երկրի մտավորականների կողմից ի սրտե աջակցվող էլեկտրիկ-իրավապաշտպան Լեխ Վալենսան։
Կառավարման առաջին օրերից բախվեց երկրի շուկայական տնտեսության անցնելու խնդիրներին, պարզվեց, որ չափազանց դժվար է կատարել խոստումները և հետևել նախատեսված ծրագրին։ Լեհաստանում սեփականաշնորհման գործընթացի ընթացքում հազարավոր ձեռնարկություններ դադարեցրին աշխատանքը, հասարակ մարդիկ, հայտնվելով աղքատության շեմին, կորցրին վստահությունը նախագահի և նրա թիմի նկատմամբ։ Նա ստիպված եղավ հեռանալ, ճիշտ է՝ Խաղաղության նոբելյան դափնեկրի մեդալը գրպանում։
Իսկ Հայաստանում իշխանության եկան վտիտ ու երիտասարդ ռոմանտիկները․ Մատենադարանից, տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից, փիլիսոփաներ, բնապահպաններ, սոցիոլոգներ, պարզապես լաբորանտներ։ Շուտով նրանք նկատելիորեն քաշ կհավաքեն, բայց կպարզվի, որ ապագա տանող ճանապարհին թռիչք կատարելու համար դա քիչ է։
Այդ ընթացքում մարդիկ (առաջին հերթին՝ մտավորականությունը) վերցնում էին իրենց երեխաներին ու հեռանում Հայաստանից, մնացողները կախված էին մնում մշակութաբանական-լուսավորչական վակուումում, երբ կողմնորոշիչները կա՛մ լղոզված են, կա՛մ առհասարակ չկան։
Մինչդեռ։
Մի ռեժիսոր կար՝ Հրաչյա Ղափլանյանը, որը դեռ 1976 թվականին հիմնել է Երևանի Դրամատիկական թատրոնը, իսկ ավելի ուշ՝ «Բարեկամություն» թատրոնը, որի բեմ էին հրավիրվում ԽՍՀՄ լավագույն արտիստները։ Այնտեղ երևանյան հանդիսատեսը ծանոթանում էր Յուլյա Բորիսովայի, Միխայիլ Ուլյանովի, Անդրեյ Միրոնովի հետ։
Գրող Հրանտ Մաթևոսյանը Երևան բերեց Անդրեյ Բիտովին, որը թերևս բոլորից լավ նկարագրեց հայերի մշակութային կոդը։
Կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանը ծանոթացրեց Դմիտրի Շոստակովիչի, Գալինա Վիշնևսկայայի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Բենջամին Բրիտենի հետ։
Կարելի է շարունակել թվարկել։ Հայաստանի մտավորականությունը մի տեսակ «սնուցվում էր» «լյուքս» դասի վարպետներով, բայց պետք է ասել, որ այստեղ երթևեկությունը երկկողմանի էր և երկու կողմին էլ օգտակար։ Հայերը, ի թիվս այլ բաների, սովորեցին չպաշտպանել գաղափարաբանական դոգմաները, չթեժացնել ազգային հավակնությունները, այլ սիրել իրենց երկիրը։
Հետո ամեն ինչ սկսեց աստիճանաբար հալվել։ Հայերի հաջորդ սերունդներին այլ ուղենիշներ առաջարկվեցին` Նարեկացուն փոխարինեց Սերժ Թանկյանը, Մարտիրոս Սարյանի նկարները պակաս հետաքրքիր դարձան, քան Քիմ Քարդաշյանի մարմինը, մտավորականությունը սկսեց վերածվել լավագույն դեպքում բոհեմի։ Որովհետև եթե քո ժողովրդին չես դաստիարակում, ուրիշներն են սկսում դա անել։
․․․ԱՄՆ տեղափոխված լրագրողը, որից մենք սկսեցինք, հայտնաբերեց, որ Կանադայում մտավորականություն չկա։ Ավելի վատ Կանադայի համար։ Հայաստանի դեպքում ամեն ինչ դեռ այդքան վատ չէ, բայց․․․