Էրդողանը կմասնակցի ապրիլի 27-ին նախատեսված միջոցառումներին առցանց ռեժիմով

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահի ինքնազգացողությունը երեկ երեկոյան կտրուկ վատացել էր ուղիղ եթերի ժամանակ ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,26 ԱՊՐԻԼԻ – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առցանց ռեժիմով կմասնակցի ապրիլի 27-ին նախատեսված միջոցառումներին, հաղորդում է A Haber հեռուստաալիքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 25-ի երեկոյան տեղի հեռուստաալիքով Էրդողանի հարցազրույցը հանկարծակի ընդհատվել էր, քանի որ թուրք առաջնորդի ինքնազգացողությունը վատացել էր ուղիղ եթերում: Երկար դադարից հետո նա վերադարձել էր եթեր և հայտարարել, որ նախընտրական խիտ գրաֆիկի պայմաններում ստամոքսային գրիպով է վարակվել։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը Մերսինի «Ակկույու» ատոմակայանում կայանալիք արարողությանը կմասնակցի տեսակոնֆերանսի ռեժիմով», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել «Ակկույու» ատոմակայան (Թուրքիայում առաջին ատոմակայանը, որի վրա աշխատանքներն ընթանում են ռուսական կողմի մասնակցությամբ) միջուկային վառելիքի ներկրման արարողությանը տեսակոնֆերանսի ձևաչափով:
Թուրքիայի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը ծրագրում է հեռախոսային բանակցություններ վարել Պուտինի հետ ատոմակայան միջուկային վառելիքի ներկրման արարողությունից առաջ և հույս ունի նրա հետ քննարկել երկկողմ հարաբերություններն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը: