ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հարցազրույցը տեղական հեռուստաալիքներով հանկարծակի ընդհատվել է, թուրք առաջնորդն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել:
Հարցազրույցը սկսվել է երեկ ուշ երեկոյան՝ հանրապետության ղեկավարի նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով։ Ուղիղ եթերը հանկարծակի ընդհատվել է այն ժամանակ, երբ լրագրողը սկսել է հարց տալ նախարարների կաբինետի հետագա վերադասավորումների մասին: Երկարատև դադարը խուճապ է առաջացրել սոցցանցերում։
«Առաջին հերթին ձեզ առողջություն եմ մաղթում։ Երեկ և այսօր նախընտրական աշխատանքները շատ էին։ Այսպիսով, ես ստամոքսի գրիպ ստացա: Նույնիսկ մտածում էի չեղարկել ծրագիրը: Բայց խոստացանք և եկանք։ Ներողություն եմ խնդրում ձեզանից և մեր հեռուստադիտողից», - ասել է Էրդողանը՝ դադարից հետո ուղիղ եթեր վերադառնալով։
Երկու կարճ հարցերից հետո մոդերատորը հայտնել է, որ թուրք առաջնորդի հետ հարցազրույցն ավարտվում է, որ «պարոն նախագահը կարողանա հանգստանալ»:
Ավելի ուշ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ասել է, որ Էրդողանի առողջության հետ ամեն ինչ կարգին է:
Հիշեցնենք` Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14–ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։ Հիմնական մրցակիցներ են համարվում Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։