ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել Սերբիայի վերաբերյալ զեկույցին, որում այդ երկրի իշխանություններից պահանջում են փակել սերբական Sputnik-ը և RT-ն եվրաինտեգրման շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Սերբիան։
Դեռ 2023 թվականի հունվարին ներկայացված զեկույցում ասվում է, որ Եվրամիությունը ցավում է Սերբիայում ԵՄ–ի արտաքին քաղաքականությունը պահպանելու ցածր մակարդակի համար և ընդգծում, որ Սերբիան` որպես թեկնածու, պետք է հավատարիմ լինի եվրոպական սկզբունքներին ու արժեքներին։
Եվրախորհրդարանը ցավում է նաև, որ Սերբիայի արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչները ուղղակիորեն հակասում են ԵՄ–ի դիրքորոշումներին, այդ թվում` 2023-2024 թվականների համար Սերբիայի և Ռուսաստանի համատեղ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին համաձայնագրի ստորագրումը։
Զեկույցի տեքստում նշվում է, որ ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ հետագա բանակցությունները կախված կլինեն նրանից, թե որքան արագ Սերբիան կսկսի պայքարել «ապատեղեկատվության և հակաեվրոպական մանիպուլյատիվ նարատիվների դեմ», ինչպես նաև հավատարիմ կլինի Կոսովոյի և Մետոխիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը և կպահպանի ԵՄ արտաքին քաղաքականության ընդհանուր սկզբունքները։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Sputnik Սերբիան, չնայած Եվրոպայի բոլոր ջանքերին` Սերբիայում աճում է ռուսական լրատվամիջոցների ժողովրդականությունը։ Sputnik-ի հաղորդումներն ամեն օր հեռարձակվում են 25 ռադիոկայաններով և 27 հեռուստաալիքներով, իսկ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Լյուբինկա Միլինչիչին որպես փորձագետ պարբերաբար հրավիրում են ռադիո և հեռուստատեսություն։