ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ԵԽԽՎ համազեկուցողները վերահաստատել են Լաչինի միջանցքը վերաբացելու կոչը, տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից։
Մասնավորապես, ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) և Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ։
«Մենք վերահաստատում ենք 2022-ի դեկտեմբերի 16-ին հրապարակված՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման մեր կոչը և հիշեցնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022թ. դեկտեմբերի 21-ի որոշումը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023-ի փետրվարի 22-ին ընդունված որոշումը: Արդարադատության դատարանի որոշման մեջ նշվում էր, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է վերականգնվի»,–ասված է հայատարարության մեջ։
Միաժամանակ, համազեկուցողները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել ԵՄ-ի կողմից աջակցվող բանակցային ջանքերը և Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը։ Նրանք կոչ են անում նաև ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով։
Ասվում է նաև, որ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) փորձելու է Լաչինի միջանցք գնալ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու: