Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացը. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարություն
Պատելը հիշեցրել է, որ ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը խորապես ներգրավված են այս հարցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետի տեղադրմամբ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը:
«Ինքը՝ պետքարտուղարը, խորապես գնահատում և մեծ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում ստեղծված այս իրավիճակին։ Ինչպես տեսաք՝ հանգստյան օրերին մենք հայտարարեցինք, որ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Անկեղծ ասած, դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ»,- ասել է Պատելը։
Նա հավելել է, որ ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը շարունակում են խորապես ներգրավված մնալ այս հարցում:
Հարցին` արդյոք ԱՄՆ ներկայացուցիչները տեղում բանակցությունների ընթացքում չէի՞ն տեսնում, որ նման գործողություն է նախապատրաստվում, Պատելը պատասխանել է, որ չի պատրաստվում դիվանագիտական գնահատականների կամ տեղում կայացած զրույցների մանրամասներ ներկայացնել:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։
ՌԴ ԱԳ փոխնախարարն Արարատ Միրզոյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրավիճակի սրումը