ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելը ապրիլի 28-ից կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը:
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հիշեցրեց, որ օրինագիծը քննարկվել է հոկտեմբերին և ստորագրվել 2022-ի հոկտեմբերի 27-ին՝ պայմանով, որ այն ուժի մեջ կմտնի 6 ամսից, այսինքն՝ ապրիլի 28-ից։ Դրա համար կառավարությունն ու ՆԳՆ-ն պետք է ընդունեին մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք ամբողջությամբ չեն ընդունվել։
Փոխնախարարը վստահեցրեց, որ մինչև հուլիսի 1-ը դա կարվի։
Հավելենք, որ ըստ օրինագծի՝ արգելվում է բնակավայրերից և ճանապարհներից 500 մետրից պակաս հեռավորության վրա օգտագործել ողորկափող զենք, իսկ ակոսափող զենքերի համար այդ տարածությունը 5000 մետր է:
Նա, ով առաջին անգամ է գնում քաղաքացիական զենք, պետք է տեսական և գործնական քննություններ հանձնի զենքի հետ վարվելու հմտությունների առնչությամբ: Քննությունը պետք է հանձնել կառավարության կողմից հավատարմագրված ռազմամարզական կազմակերպություններից մեկում: Այդ կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև քննության կարգը, պետք է հաստատի կառավարությունը։
Արգելվում է զենք ունենալ դրա օգտագործմանը խոչընդոտող հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, զենքի գործադրմամբ հանցագործությունների համար դատապարտված անձանց (անկախ դատվածության վաղեմությունից), ինչպես նաև ընտանիքի անդամների նկատմամբ բռնության համար հաշվառված անձանց:
Սահմանվում են նաև քաղաքացիական հրաձգարաններին ներկայացվող պահանջները. դրանք բացելու և կառավարելու համար անհրաժեշտ է լիցենզիա: