ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրն այն մասին, որ ադրբեջանցիները հայ զինծառայողի են գերեվարել։
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի՝ ադրբեջանական կողմից Տեղի մատույցներում գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ զինծառայողի գերեվարման մասին գրել էին տելեգրամյան որոշ ալիքներ։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։ Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվեց և ձերբակալվեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որը կասկածվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի սպանության մեջ։