Սիրիայի հետ կապված հարցեր են քննարկել Թուրքիայի, ՌԴ–ի, Սիրիայի և Իրանի ՊՆ ղեկավարները

Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունության հաստատման և պահպանման համար ընդգծվել է քառակողմ ձևաչափով հանդիպումները շարունակելու կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում անվտանգության իրավիճակի ամրապնդման հարցերը, կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար, Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների և ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարը։ Քննարկվել է նաև սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու ջանքերի ակտիվացումը», - նշել են ռազմական գերատեսչությունից:
Հաղորդվում է, որ կողմերը «հաստատել են իրենց հարգանքը Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»։
Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու և պահպանելու համար ընդգծվել է քառակողմ ձևաչափով հանդիպումները շարունակելու կարևորությունը։
Շոյգուն երկկողմ բանակցություններ է վարել Թուրքիայի, Իրանի և Սիրիայի գործընկերների հետ
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի Արաբական Հանրապետության ճանապարհային քարտեզը Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպում է պահանջում։ Նրա խոսքով` փուլային բանակցություններ կանցկացվեն չորս երկրների պաշտպանության նախարարների, արտգործնախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների մակարդակով։ Քննարկումների ժամանակ նախապատրաստական աշխատանքներ կտարվեն գագաթնաժողովի համար։