ՌԴ խաղաղապահները փորձում են կանխել Լաչինում անցակետ դնելու նախաձեռնությունը. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ տեսանյութերից պարզ է դառնում` Ադրբեջանը մեծ թվով զորատեսակներ է առաջ քաշել, իսկ ռուսական կողմը խաղաղապահների միջոցով փորձել է տեղում ստեղծել ուժ և դիմակայություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՌԴ խաղաղապահներն Արցախում փաստացի փորձում են կանխել Ադրբեջանի նախաձեռնությունը վերջնական ավարտին հասցնելը։ Աժ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը միակողմանի «զոռբայությամբ» փակել է կամուրջը և փորձում է հսկիչ անցագրային կետ տեղակայել։
«Ռուս խաղաղապահները փորձում են կանխել Ադրբեջանի նախաձեռնությունն ավարտին հասցնելը, ինչն անկհայտ էր ՌԴ ԱԳՆ–ի հայտարարությունից։ ՌԴ ԱԳՆ–ն դեռ մեկ ամիս առաջ էր հերքել Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկությունները, թե Լաչինի միջանցքի հատվածում ադրբեջանական հենակետ է տեղադրվելու` ռենտգեն սարքի միջոցով»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` անցակետի տեղադրումը ոչ միայն 2020-ի եռակողմ հայտարարության խախտում է, այլ նաև ՌԴ-Ադրբեջան պայմանավորվածությունների։ Աբրահամյանը նշեց, որ ՌԴ–ն փորձում է ամեն ձևով տեղում կանխել այդ անցակետի գործարկումը։
Ըստ պատգամավորի` դժվար է ասել` վերջնական արդյունքում անցակետ կտեղադրվի՞ Լաչինի միջանցքում, թե՞ հնարովոր կլինի քաղաքական ճանապարհով հանգուցալուծման գնալ։
Բացի այդ, Աբրահամյանը նշեց, որ տեսանյութերից պարզ է դառնում` Ադրբեջանը մեծ թվով զորատեսակներ է առաջ քաշել, իսկ ռուսական կողմը խաղաղապահների միջոցով փորձել է տեղում ստեղծել ուժ և դիմակայություն։
Աբրահամյանն ամփոփեց` անցակետի տեղադրման աշխատանքները, որոնք, ըստ Ադրբեջանի, արդեն իսկ ավարտվել են, փաստացի չեն ավարտվել, և անցակետն իր ռեժիմով չի գործում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։