«Պոլիգրաֆում» տարբեր տեսակի թմրամիջոցներ են իրացվել, 41 անձ է ձերբակալվել. ՔԿ

Քննչական կոմիտե
Ձերբակալվածների թվում նաև ակումբի աշխատակիցներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում խուզարկության հետևանքով ձերբակալվել է 41 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` անդրադառնալով ապրիլի 23-ին իրականացված խուզարկությանը։
Ձերբակալված անձինք հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։
Սոցցանցերում մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի` ապրիլի 22–ի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի «Պոլիգրաֆ» ակումբում։ Ակումբը ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք, ավելին` աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկության համար մերկացվել ոստիկանության բաժնում։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Խուզարկության ընթացքում սրահի և աշխատասենյակի միջնամասում հատակին հայտնաբերվել և վերցվել է կարմիր պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված մեկ անհայտ զանգված։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվածների թվում է եղել ակումբի 4 աշխատակից։ Նրանց մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածներ, մոխրացած հետքերով սրվակ և մարիխուանան մանրացնելու համար նախատեսված մետաղյա տարա, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։
Նախաքննությունը շարունակվում է։