Պետական մարմիններում աշխատողը պետք է թմրաթեստ անցնի. Խաչատրյանի առաջարկը

Արխիվային լուսանկարներ
Արմեն Խաչատրյանը նշում է, որ դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկում է բոլոր պետական մարմիններում, որտեղ աշխատանքային պայմանագիր է կնքվում, ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ պետք է թմրաթեստ անցնի։ Խաչատրյանը նման առաջարկով հանդես եկավ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։
Նշենք, որ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն այսօրվա նիստի ժամանակ հայտարարել էր` 2023 թվականը ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է։
«Եթե աշխատողն այդ թեստից հրաժարվելի, ապա դա պետք է աշխատանքից ազատման հիմք լինի` սկսած ԱԺ–ից մինչև բոլոր ՏԻՄ–եր»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` մենք նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում ՀՀ–ում։ Ըստ պատգամավորի` դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ է.«Մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների՝ երկրորդ, երրորդ օգտագործումից հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում: Մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում»։
Խաչատրյանը նշում է, որ բոլոր բարեփոխումները, ընդունած օրենքներն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն այս ծավալի տարածվեն: Ըստ նրա` սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր և ավելի կարևոր խնդիր է։