ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մեծ Բրիտանիան Կիևին «Challenger 2» տանկերի համար հազարավոր արկեր է ուղարկել, այդ թվում` աղքատացված ուրանով։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է երկրի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին։
«ՊՆ–ն չի հետևում` որտեղից է ուկրաինական զորքն իր տարածքում հարվածներ հասցնում աղքատացված ուրանով արկերով», – նշել է փոխնախարարը։
Հիփիի խոսքով` Մեծ Բրիտանիան պարտավոր չէ օգնել ուկրաինական ուժերին վնասազերծել աղքատացված ուրանով արկերը։ Այդուհանդերձ, Լոնդոնը դեռ պատրաստ է Կիևին աջակցություն ցուցաբերել ուկրաինական հակամարտության շրջանակում, ինչպես նաև դրանից հետո։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ մտադիր է Ուկրաինային «Challenger» տանկերի հետ նաև աղքատացված ուրանի միջուկով արկեր փոխանցել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով այս նախաձեռնության մասին, հայտարարել էր, որ Արևմուտքը որոշել է ՌԴ-ի դեմ կռվել մինչև վերջին ուկրաինացին ոչ թե խոսքով, այլ գործով: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դա վատ ավարտ կունենա Լոնդոնի համար: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աղքատացված ուրանով արկերի կիրառումը բնութագրել էր ցեղասպանության դրսևորում այն բնակչության նկատմամբ, որի դեմ կիրառվում է այդ զենքը։