ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԿԽՄԿ-ն` որպես չեզոք միջնորդ, շարունակում է երկխոսությունը բոլոր որոշում կայացնողների հետ՝ իր տեղաշարժերին վերաբերող մանրամասները ճշտելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` անդրադառնալով Արցախում ստեղծված նոր իրավիճակին։
Հայտնել ենք, որ արդեն 3 օր է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կատարվող բեռնափոխադրումները կասեցվել են։
«Հուսով ենք, որ առաջիկայում Լաչինի միջանցքի երկայնքով մեր մարդասիրական գործունեությունը կվերսկսվի»,–ասաց Ամատունին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։