ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Կանադային անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Ինչպես նշված է Կանադայի կառավարության կայքում, այս հայտարարությունն է արել է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին։
«Կանադան խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Այդ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածաշրջանի միջև միակ ցամաքային հաղորդակցությունն է։ Այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը»,– ասել է Ժոլին։
Նա շեշտել է` Կանադան կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, քանի որ այն պետք է բաց մնա և չլինեն խոչընդոտներ, որպեսզի ապահովվի մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը։
Կանադան կողմերին հորդորել է վերսկսել բանակցությունները և զերծ մնալ հետագա էսկալացիայից կամ սահմանի երկայնքով թշնամական գործողություններից։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվել է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։