Հաջողվել է որոշակիորեն վերականգնել հումանիտար բեռների ներկրումն Արցախ

Չիրացված կտրոնների վերաբերյալ կլինի առանձին հայտարարություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել Հայաստանի Հանրապետությունից հումանիտար բեռների ներկրումը, որը վերջին օրերին խափանվել էր Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հայտնել ենք, որ Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) անցակետի տեղադրման և շրջափակման հետևանքով ամբողջովին խափանվել էր հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը։ Արդեն 3 օր է` կասեցվել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կատարվող բեռնափոխադրումները։
«Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, և քաղաքացիները կարողանալու են գնումներ կատարել»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է առայսօր չիրացված կտրոնների գործունեության ժամկետին, ապա լրացուցիչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ և դրա վերաբերյալ կլինի առանձին հայտարարություն:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։