ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ֆրանսիական Իզերը կընդլայնի համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի և Իզեր դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեր Բարբիեի հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հովհաննիսյանը կարևորել է Հայաստանի, մասնավորապես Գեղարքունիքի և Իզեր դեպարտամենտի միջև ձևավորված առանձնահատուկ կապերն ու արդյունավետ համագործակցությունը, որն իր ուրույն տեղն ունի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում:
Բարբիեն իր հերթին հաստատել է պատրաստակությունը՝ խորացնելու և ամրապնդելու Գեղարքունիք-Իզեր, ինչպես նաև դեպարտամենտի Գրենոբլ և Վիեն քաղաքների՝ Սևանի ու Գորիսի հետ գործակցություններն առողջապահության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի, ֆրանկոֆոնիայի ոլորտներում:
Երկուստեք գոհունակություն են արտահայտել երկու շրջանների միջև ձևավորված երկարատև ու ինստիտուցիոնալ արդյունավետ ապակենտրոնացված համագործակցության առնչությամբ: Այս համատեքստում կարևորվել է այցի ընթացքում ստորագրված Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի 2023-2027թթ. ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը: