Եվրոպական խորհրդարանում ԼՂ հարցի բարձրացումն անհրաժեշտ է. ՔՊ-ն հանդիպել է Լուկաս Ֆուրլասին

Կողմերը հանդիպմանը հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում հարցի բարձրացման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասն առաջին անգամ ժամանել է Հայաստան, եղել է Սյունիքի մարզում, տեղում ծանոթացել իրավիճակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ֆուրլասը մարզում ծանոթացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու և միջանցքը պաշտոնապես արգելափակելու աշխատանքներին:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլաս
ԵԽ պատգամավորը նաև հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի հետ։
«Եղոյանը նշել է, որ Ադրբեջանի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը: Խորհրդարանականը նաև իրազեկել է եվրոպացի գործընկերոջը, որ ադրբեջանցի պաշտոնյաներն արդեն իսկ հրապարակայնորեն առաջարկում են ԼՂ բնակչությանը ստանալ ադրբեջանական անձնագրեր: Զրուցակիցները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում հարցի բարձրացման անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Պատգամավորները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարևորվել է սահմանամերձ բնակավայրերում համատեղ վերականգնողական ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաև հայ-կիպրական բարեկամության, 2 ժողովրդի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանն ուղղված հարցերի վերաբերյալ:
ԵԽ պատգամավոր Լուկաս Ֆուրլասն ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։