ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հերքում է ՀՀ քննչական կոմիտեի վարկածը, թե Արզումանյանը «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
«Քրեական գործում ապացույցները կան, որ իրականում «Արեգա» բարձունքը հետ չի գրավվել, այնտեղ միայն որոշակի հաջողություն է եղել։ Իսկ այն անձինք, որոնք ներկա են եղել այնտեղ` ունեն որաշակի խնդիրներ այլ ցուցմունքներ տալու։ Մենք հիմնավորել ենք, թե ով ինչի համար է նման ցուցմունք տվել»,– հայտարարեց նա։
Ըստ փաստաբանի` Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այլ մարդկանց դեմքը «պարզեցնելու» համար։ Թե կոնկրետ ում նկատի ունի` նա չպատասխանեց։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստն է։ Գործի քննությունն ընթանում է դռնփակ ռեժիմով:
Երեմ Սարգսյանը հիշեցնում է, որ գործը քննում է Հակակոռուպցիոն դատարանը, քանի որ այն հոդվածներից մեկը, որն առաջադրվել է Միքայել Արզումանյանին` քրեական օրենսգրքով համարվում է կոռուպցիոն հանցանք։ Սա նշանակում է, որ այս հարցը պետք է քններ նաև հակակոռուպցիոն կոմիտեն։
«Հիմա հարց` ինչի՞ եք քննչական ենթակայության կանոնների կոպտագույն խախտմամբ քրեական գործը քննել, մեղադրական եզրակացություն կազմել, ապօրինի կալանքի տակ պահել։ Դա նշանակում է, որ ամբողջ պրոցեսը` առաջին փաստաթղթից մինչև վերջին փաստաթուղթ, ապօրինի է, ապացույցները անթույլատրելի են, հետևաբար` կալանքը նույնպես ապօրինի է»,– հայտարարեց փաստաբանը։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ: