Արցախում խափանվել է վառելիքի ներկրումը, կասեցվել են ԿԽՄԿ–ի բեռնափոխադրումները. պետնախարար

Գուրգեն Ներսիսյան
Արդեն 3 օր է` հնարավոր չի լինում մատակարարել կենսական նշանակության ապրանքների` նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) անցակետի տեղադրման և շրջափակման հետևանքով ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը։ Արդեն 3 օր է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կատարվող բեռնափոխադրումները կասեցվել են։
Ստեղծված իրավիճակին առնչվող թեմաները քննարկելու համար Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ապրիլի 25-ին խորհրդակցություն է հրավիրել։

«Լրացուցիչ սահմանափակումները Ադրբեջանի կողմից հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության: Չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը՝ դրանցում նշված ժամկետում։ Այդ պատճառով մենք հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ հնարավորությունից»,– ասել է Ներսիսյանը։

Նա նաև նշել է, որ Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների միջոցով Արցախի Հանրապետության քաղաքացիների հրատապ տեղաշարժի սկզբունքների մասով լրացուցիչ հստակեցումներ պետք է կատարվեն, որից հետո նորություն լինելուն պես կհայտարարվի։
Արցախի պետնախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է Շուշիի շրջանի չորս համայնքների բնակչության համար առաջացած սուր հումանիտար խնդիրներին, քանի որ շրջափակված են երկու կողմից՝ Շուշիի ու Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետի հատվածներում։
«Այս օրերին բոլորս պետք է ավելի բարձր պատրաստականությամբ ու զգոնությամբ կատարենք մեր աշխատանքը՝ շուրջօրյա ու օպերատիվ ռեժիմով: Երբ որոշակի հստակ տեղեկություն է լինում, անպայման պետք է պատշաճ կերպով իրազեկել հասարակությանը, քանի որ այս իրավիճակում մեր հասարակությունը սպասում է տեղեկությունների և պարզաբանումների: Կարևոր է, որ քաղաքացիներն ըմբռնումով մոտենան ստեղծված իրավիճակին և ձևավորված անորոշություններին, որոնց պատճառով չենք կարողանում բավարար տեղեկություններ տրամադրել տեղի ունեցող գործընթացները հավելյալ ռիսկի չենթարկելու համար»,- ասել է Ներսիսյանը։
Պետական նախարարն անդրադարձ է կատարել նաև կտրոնային համակարգում ներառված ապրանքների որակի խնդրին։ Նա նշել է, որ այդ և այլ խնդիրները բացառելու համար որոշվել է հրաժարվել պարենային ապրանքների մատակարարման այսպես կոչված տենդերային համակարգից։ Այսուհետև այդ գործընթացն ամբողջովին իրականացվելու է պետության կողմից, որովհետև գործարար հատվածն այդ պատասխանատվությունը չի կարողացել կատարել բարեխղճորեն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։
Արցախի պետնախարարն ասել է, որ պետք է հստակ քայլեր ձեռնարկել տվյալների բազաների ստեղծման ուղղությամբ, իսկ մինչ այդ կառավարության որոշումները պետք է մշակել այնպես, որ հնարավոր լինի արագ կազմակերպել դրանց գործնական կիրառությունը:
Գուրգեն Ներսիսյանի խոսքով` սոցիալական ծրագրերի շուրջ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է աշխատանք ու եկամուտ չունեցող բոլոր անձանց ցուցաբերել դրամական աջակցություն:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։