ԱՄՆ-ի փոխնախագահը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Քամալա Հարիս
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ էր հղել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ գրառում կատարելով «Թվիթերի» իր միկրոբլոգում։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն մարդկանց հիշատակը։ Հիշելով պատմության այդ ցավալի դրվագը՝ եկեք վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով»,- նշված է ԱՄՆ փոխնախագահի գրառման մեջ։
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ էր հղել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։