Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո արցախցի 3 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ

Հակարիի կամուրջը
Շտապ օգնության մեքենաների շարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար Գուրգեն Ներսիսյանը դիմել է ռուսական խաղաղապահ ուժերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Մինչ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը և ճանապարհը այդ հատվածում փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին քաղաք Գորիս ևայժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում»,-գրել է Ներսիսյանը:
Նշված համայնքներից շտապ օգնության մեքենաների շարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար Գուրգեն Ներսիսյանը դիմել է ռուսական խաղաղապահ ուժերին:
Հիշեցնենք` ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
2022–ի դեկտեմբերի 12-ից էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:
Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։